BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հայաստանում չկա ավելի բարեկարգ, մաքուր, ենթակառույցներով հարուստ հնավայր, քան Տիգրանակերտն է»

«Հայաստանում չկա ավելի բարեկարգ, մաքուր, ենթակառույցներով հարուստ հնավայր, քան Տիգրանակերտն է»
16.05.2017 | 08:18

Արցախի Տիգրանակերտ քաղաքում այս տարի ևս հնագիտական հետազոտությունները շարունակվելու են:
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ փաստում է, որ արդյունքները խոստումնալից են ոչ միայն Տիգրանակերտում. «Ընդհանրապես, Արցախում ամեն տարի երեք-չորս արշավախումբ է աշխատում, և նյութերը շատ առանձնահատուկ են: Պարզ է, որ մոտ ապագայում հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ընթանալու է նաև պատմական էքսկուրսների ներքո: Հայագիտությունը պետք է պատրաստ լինի դրան: Մենք փաստացի տվյալներ ունենք հնագույն ժամանակներից սկսած մինչև 19-րդ դարի կեսերը, միակ խնդիրն այդ աշխատանքների ծավալն ընդարձակելն է, ֆինանսական հնարավորությունները մեծացնելը: Երկրորդ կարևոր հարցը համագործակցությունն է, քանի որ պաշտոնապես ճանաչված չլինելը բարդություններ է առաջացնում»:


Հնագետն ընդգծում է, որ Արցախը պաշտոնապես ճանաչված չէ, բայց Արցախի ժողովուրդը մշակույթ ունենալու իրավունք ունի: Մինչդեռ միջազգային կազմակերպությունները, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որևէ կերպ իրենց գործունեության մեջ առաջնային չեն դարձնում մարդու մշակութային իրավունքը, առաջնորդվում են այն քաղաքականությամբ, որ եթե Արցախը ճանաչված չէ, ապա մշակութային ժառանգության հետազոտման կազմակերպումը նույնպես արգելված է: «Բնական է, որ սա տարածվում է պետական բոլոր կառույցների վրա, և մենք միջազգային մակարդակով ինստիտուցիոնալ համագործակցություն չենք կարողանում ստեղծել,- պարզաբանում է հնագետը, նշելով, որ Արցախում իրականացվող հետազոտությունները խոչընդոտների են հանդիպում և՛ ներսում, և՛ դրսում:- Մեր աշխատանքներին մեկ անգամ չէ, որ խանգարել են հայ կոլեգաները՝ ելնելով իրենց անձնական մոտեցումներից: ՀՀ-ում աշխատող միջազգային հեղինակավոր հնագիտական արշավախմբի ղեկավարները մեկ անգամ չէ, որ ինձ դիմել են՝ ասելով, թե լավ չեմ անում, որ Արցախում եմ աշխատում: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանում բրոնզեդարյան արշավախմբի ղեկավար Ադամ Սմիթը երկու նամակ է ինձ ուղարկել, հորդորելով չաշխատել Արցախում, որովհետև դա հակասում է Հաագայի 1954-ի կոնվենցիային: Ամերիկաբնակ հնագետ Գրիգոր Արեշյանը երկու անգամ Կալիֆոռնիայի համալսարանում հրապարակային ելույթ է ունեցել, նշելով, որ համալսարանը չի խրախուսում Տիգրանակերտի հետազոտության աշխատանքները: Մենք մեր մշակույթը հետազոտելու համար Կալիֆոռնիայից թույլտվությո՞ւն պետք է խնդրենք կամ հարգարժան Արեշյանի բարյացակամությո՞ւնը ակնկալենք: Ես դա համարում եմ հակահայկական քայլ, ինձ համար տարօրինակ է, որ հայկական համապատասխան մարմինները, ծանոթ լինելով այդ ամենին, նույնիսկ ընկերական մակարդակով չեն ասում` այս ինչո՞վ եք զբաղված»:


Հնագետի տեղեկացմամբ` գիտության պետական կոմիտեն նույնիսկ մերժել է ֆինանսավորել Տիգրանակերտի հետազոտությունները. «Նման իրավիճակում ինձ պատկերվում է 19-րդ դարը, երբ, չունենալով պետություն, հայ մտավորականներից ամեն մեկը մտածում էր, որ իր ուսերին է դրված ազգի խնդիրը: Ապրել 21-րդ դարում, ունենալ սեփական պետություն և հույսը դնել առանձին անհատների վրա` ես համարում եմ կործանարար միտում: Շատերն ասում են` աչքդ լույս, քաղաք ես գտել, ես քաղաք չեմ գտել, դա մեր բոլորինն է: Ե՞րբ ենք սկսելու մեր ունեցածի մասին մտածել, մեր սեփականը, մեր ազգայինը առաջ մղել»:


Անդրադառնալով հնագիտական աշխատանքներին` Համլետ Պետրոսյանն ասում է, որ փորձել են հետազոտել հատկապես ազատագրված տարածքները: Պեղումները սկսել են Հանդաբերդի վանքից՝ ցույց տալու Քարվաճառի հայկականությունը: Գտել են 70-ից ավելի հայերեն արձանագրություն, ավելի քան 120 խաչքար, հրատարակել են առանձին գիրք՝ «Հանդաբերդի վանքը և նրա պեղումները»: Շուշիի պեղումների արդյունքում էլ հնարավոր է եղել հնագիտորեն ցույց տալ, որ 12-13-րդ դարերում Հունոտի կիրճով առևտրական ճանապարհ է անցել: Ինչ վերաբերում է Տիգրանակերտին, ապա սկսել են դամբարանադաշտի պեղումները ու միայն անցած տարի պարթևական 4 արծաթյա դրահմաներ են գտել: Հնագետը կարծում է, որ եթե այսպես շարունակեն, շուտով Տիգրան Մեծի դրահմաներն ենք ունենալու, և եթե ֆինանսավորումը շատ լինի, կկարողանան բացել նրա կառուցած ամրոցի մուտքը, որտեղ ակնկալում են նաև արձանագրություններ գտնել:


Տիգրանակերտի պեղումները սկսվել են 2006-ից` Համլետ Պետրոսյանի նախաձեռնությամբ: Տիգրանակերտը 70 հեկտար է, 12 տարվա պեղումների արդյունքում բացվել է հուշարձանի ընդամենը 3-4 տոկոսը: Համլետ Պետրոսյանն ընդգծում է, որ Արցախի իշխանությունները, ի պատիվ նախագահ Բակո Սահակյանի, առանձնահատուկ ուշադրություն են դարձնում, բայց այդ միջոցները սուղ են: Արշավախումբը պատկանում է հնագիտության և ազգագրության ինստիտուտին, հնագետը աջակցության համար շնորհակալություն է հայտնում ինստիտուտի տնօրենին:
Հարց է առաջանում` հնագիտական բացահայտումները Արցախում միջազգային մակարդակով ընդունվո՞ւմ են: Համլետ Պետրոսյանն ասում է, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ. Տիգրանակերտի հետ կապված գիտական, հնագիտական, ինտերպրետացիոն մասնագիտական ոչ մի խնդիր չկա: Օրինակ 2016-ին Հողի միջազգային կոնգրեսում ներկայացրել են Տիգրանակերտի հողաշեն կառույցները: Արշավախմբին հատուկ հրավիրել են: Զեկուցումը լույս է տեսել, շուտով առանձին գիրք կլինի: Ֆլորենցիայի համալսարանում ներկայացրել է Արցախի Տիգրանակերտը, հուշարձանը և հասարակությունը:

Համագործակցում են Ֆլորենցիայի, Ժնևի, Սորբոնի, Հռոմի, Կիպրոսի համալսարանների մասնագետների հետ: «Նրանք Տիգրանակերտ են գալիս ոչ պաշտոնական այցով, իրենց արձակուրդների հաշվին,- պարզաբանում է հնագետը:- Նույնիսկ ասեմ` Կիպրոսի Նիկոզիայի համալսարանի հայտնի դասախոսներից մեկը մայրաքաղաք Տիգրանակերտի տեղայնության նոր վարկած է հայտնել, հատուկ եկել է Տիգրանակերտ, ես գնացել եմ Նիկոզիա: Փորձում ենք ապաքաղաքական մթնոլորտում աշխատել, բայց հնարավոր չէ ակնկալել աշխարհի զուտ ակադեմիական վերաբերմունքը: Հարցն այն է, թե ինչքանով ենք տրվելու ճնշումներին»:
Տիգրանակերտն այսօր ամենաշատ այցելուներ ունեցող, հանրությանն առավել քաջածանոթ հնագիտական հուշարձանն է Արցախում: «Մենք ամեն ինչ անում ենք, որ այն դարձնենք մատչելի հասարակության, զբոսաշրջային կազմակերպությունների համար, և կարծում եմ` սա նույնպես լավագույն ճանապարհներից մեկն է Արցախի հին մշակույթը քարոզելու»,- ասում է Համլետ Պետրոսյանը: Տիգրանակերտն ունի ենթակառույցներ, աղբյուրներ, զբոսայգի, նստարաններ, թանգարան` ուշ միջանադարյան ամրոցում, կան նաև ցուցատախտակներ, սլաքներ, վահանակներ` եռալեզու բացատրություններով, բոլոր տեղամասերը կարելի է գնալ, հստակ գտնել, տեսնել: Ավելին, հնագետի ձևակերպմամբ` Հայաստանում չկա ավելի բարեկարգ, մաքուր, ենթակառույցներով հարուստ հնավայր, քան Տիգրանակերտն է:

«Մարդկանց հոսքը չի՞ վտանգում հուշարձանը» հարցին անդրադառնալով` ասում է, որ վնասելու խնդիր ամեն տեղ կա, բայց Տիգարանակերտը քարի քաղաք է, քարի ամեն բլոկը մեկ տոննայից ավելի է կշռում, դրանք հազիվ թե հնարավոր է վնասել: Նշում է նաև, որ պեղումներ իրականացնելիս 7-10 օր հատկացնում են հուշարձանի մաքրմանը, քանի որ, եթե երկու տարի պեղած հատվածները չմաքրեն, հուշարձանն ուղղակի կանհետանա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Տիգրանակերտ
  • Տիգրանակերտ
  • Արցախի Տիգրանակերտն ու շրջակայքը ամռանը
  • Հունոտի կիրճ կարկառ ամրոց,Շուշի
  • Տիգրանակերտ կանաչի մեջ
Դիտվել է՝ 4107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ